Ամրակայում (գերմ.՝ Anlehnung, ֆր.՝ étayage, անգլ.՝ anaclisis)
Ամրակայում հասկացությունը հիմնարար նշանակություն ունի մարդու հոգեկան և մասնավորապես հոգեսեռական զարգացման օրինաչափությունները հասկանալու գործում: Այս հասկացությունը շատ հետաքրքիր է ոչ միայն հոգեբանական առումով, այլև եզրաբանական և իմաստաբանական առումներով, քանի որ բազմաշերտ քննարկման առիթ է ստեղծում: Ուստի անհրաժեշտ համարեցի դրան անդրադարձ կատարել այս գրառումով:
Նախ քննարկենք դրա հոգեվերլուծական իմաստը, ապա կփորձենք բացատրել՝ ինչու ընտրվեց «ամրակայում» եզրույթը՝ որպես այս հասկացության հայերեն համարժեք:
«Ամրակայում» հասկացությունը ներմուծվել է Զ. Ֆրոյդի կողմից («Երեք էսսե սեռականության տեսության մասին», 1905)՝ նկարագրելու համար սեռական մղումների և ինքնապահպանման մղումների միջև նախնական (պրիմիտիվ) հարաբերությունը:
Սեռական մղումները հոգեկան զարգացման նախնական փուլում «ամրակայվում» են, հենվում են կենսական ֆունկցիաների (գործառույթների) վրա. վերջիններս սեռական մղումների համար հանդիսանում են օրգանական աղբյուր ու դրանց տալիս են որոշակի ուղղվածություն և օբյեկտ:
Սեռական մղումները դառնում են անկախ միայն երկրորդային կերպով, իսկ նախնական փուլում ամրակայվում են կենսական, ինքնապահպանման մղումների վրա: Սեռական մղումների և ինքնապահպանման մղումների միջև կապը հատկապես վառ երևում է նորածնի օրալ գործունեության ժամանակ՝ մասնավորապես մոր կուրծքը ծծելու գործընթացը, որ երեխայի համար հաճույքի աղբյուր է: Այսինքն հաճույքի օբյեկտն այստեղ մոր կուրծքն է: Ուրեմն էրոգեն գոտու (բերան) միջոցով ստացած հաճույքը ամրակայվում է սննդի պահանջմունքի բավարարման վրա, իսկ վերջինս ինքնապահպանման մղման դրսևորում է:
Այդ ամրակայման հետևանքով հոգեկան զարգացման ընթացքում ի հայտ են գալիս մի շարք երևույթներ: Այդ երևույթներից է հատկապես այն, որ սուբյեկտը սիրո օբյեկտ ընտրելու ժամանակ հիմնվում է ինքնապահպանման մղումների օբյեկտի վրա (օր.՝ մոր կուրծքը): Այս երևույթը Ֆրոյդը կոչում էր օբյեկտի ընտրություն՝ ամրակայման միջոցով (կա նաև սիրո օբյեկտի նարցիսական ընտրություն): Այսինքն՝ հետագայում սեռական բավարարության կրկնություն որոնելիս սուբյեկտը անգիտակցաբար կարող է ամրակայվել սննդառության ինքնապահպանման մղման վրա: Ամրակայումը գործում է մարմնական մի շարք այլ գործառույթների դեպքում: Այսինքն՝ սուբյեկտը հետագայում գտնում է հաճույքի նոր օբյեկտներ, բայց գտնելու հիմքում, փաստորեն, վերագտնելն է:
Հարկ է նշել նաև, որ սեռականությունը ինքնավար է դառնում միայն երկրորդային կերպով, երբ սուբյեկտը կորցնում է արտաքին օբյեկտը, և սեռականությունը գործում է արդեն սուբյեկտի ուղղությամբ (աուտոէրոտիզմ):
Այսպիսով՝ ամրակայումը լիբիդոզ կամ հուզական կախվածություն է օբյեկտից, որտեղ այդ կախվածությունը հիմնվում է վաղ մանկական տարիքում ինքնապահպանման մղման բավարարման, հաճույքի վրա:
Այս եզրույթի հայերեն համարժեքը գտնելու համար՝ փորձել ենք հիմնվել դրա գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն տարբերակների վրա: Գերմաներեն չիմանալու պատճառով՝ բնօրինակում հանդիպող գերմաներեն Anlehnung գոյականը կարող էինք հասկանալ ընդամենը բառարանում նայելով, որտեղ այն թարգմանվում է՝ նեցուկ, սակայն դրա կիրառություններին անհաղորդ ենք:
Ֆրանսերենում այս երևույթը կոչվում է étayage, որ ցույց է տալիս գործողություն կամ վիճակ և որի արմատն է étai ՝ նեցուկ, որմնամույթ, այսինքն ձող, որ ամրացնում են նոր կառուցված պատի և հատակի միջև, որպեզսի պատը ուղիղ մնա և չփլվի: Իսկ անգլերենում այս հասկացությունն արտահայտվում է anaclisis բառով, որ ծագում է հուն.՝ ἀνακλίνω (anaklino) բայից՝ հակել, ծռել, կռթնեցնել, հենել ինչ-որ բանի դեմ կամ վրա:
Հաշվի առնելով այս հասկացության նախևառաջ հոգեվերլուծական իմաստը, ապա եզրույթների ընդհանուր իմաստները՝ հայերեն համարժեքի ստանալու մի քանի նախնական տարբերակ գրանցեցի, որոնց շարքում էին «հիմնակայում», «հենքավորում», «նեցուկավորում»:
Իսկ վերջնական՝ «ամրակայում» եզրը առաջարկեց Կարեն Մկրտչյանը (փիլիսոփա, թարգմանիչ): Կարծում եմ՝ այս եզրը հնարավորինս մոտ է հասկացության հոգեբանական իմաստին, քանի որ սեռական մղումները մեծ հաշվով, ամրանալով հանդերձ՝ հենվում են, «կայում» են ինքնապահպանման մղումների վրա, և այդ ամրանալն է հետագայում հիմք հանդիսանում նրանց անկախանալու համար:
1. Trois essais sur la théorie sexuelle, traduit par Ph. Koeppel, avec une préface de M. Gribinski, Paris, Gallimard, 1987.
This comment has been removed by the author.
ReplyDeleteԲարև Ձեզ Անահիտ, շնորհակալ եմ ջերմ գնահատանքի համար:
ReplyDeleteՍիրով հրավիրում եմ Ձեզ զրույցի իմ ֆեյսբուքյան էջում՝ Lilit Mnatsakanyan:
https://www.facebook.com/profile.php?id=100001171058000
Delete