Thursday, January 19, 2017

ԱՄՐԱԿԱՅՈՒՄ

Ամրակայում (գերմ.՝ Anlehnung, ֆր.՝ étayage, անգլ.՝ anaclisis)


Ամրակայում հասկացությունը հիմնարար նշանակություն ունի մարդու հոգեկան և մասնավորապես հոգեսեռական զարգացման օրինաչափությունները հասկանալու գործում: Այս հասկացությունը շատ հետաքրքիր է ոչ միայն հոգեբանական առումով, այլև եզրաբանական և իմաստաբանական առումներով, քանի որ բազմաշերտ քննարկման առիթ է ստեղծում: Ուստի անհրաժեշտ համարեցի դրան անդրադարձ կատարել այս գրառումով:



Նախ քննարկենք դրա հոգեվերլուծական իմաստը, ապա կփորձենք բացատրել՝ ինչու ընտրվեց «ամրակայում» եզրույթը՝ որպես այս հասկացության հայերեն համարժեք:

«Ամրակայում» հասկացությունը ներմուծվել է Զ. Ֆրոյդի կողմից («Երեք էսսե սեռականության տեսության մասին», 1905)՝ նկարագրելու համար սեռական մղումների և ինքնապահպանման մղումների միջև նախնական (պրիմիտիվ) հարաբերությունը:

Սեռական մղումները հոգեկան զարգացման նախնական փուլում «ամրակայվում» են, հենվում են կենսական ֆունկցիաների (գործառույթների) վրա. վերջիններս սեռական մղումների համար հանդիսանում են օրգանական աղբյուր ու դրանց տալիս են որոշակի ուղղվածություն և օբյեկտ:
Սեռական մղումները դառնում են անկախ  միայն երկրորդային կերպով, իսկ նախնական փուլում ամրակայվում են կենսական, ինքնապահպանման մղումների վրա: Սեռական մղումների և ինքնապահպանման մղումների միջև կապը հատկապես վառ երևում է նորածնի օրալ գործունեության ժամանակ՝ մասնավորապես մոր կուրծքը ծծելու գործընթացը, որ երեխայի  համար հաճույքի աղբյուր է: Այսինքն հաճույքի օբյեկտն այստեղ մոր կուրծքն է: Ուրեմն էրոգեն գոտու (բերան) միջոցով ստացած հաճույքը ամրակայվում է սննդի պահանջմունքի բավարարման վրա, իսկ վերջինս ինքնապահպանման մղման դրսևորում է:

Այդ ամրակայման հետևանքով հոգեկան զարգացման ընթացքում ի հայտ են գալիս մի շարք երևույթներ: Այդ երևույթներից է հատկապես այն, որ սուբյեկտը սիրո օբյեկտ ընտրելու ժամանակ հիմնվում է ինքնապահպանման մղումների օբյեկտի վրա (օր.՝ մոր կուրծքը): Այս երևույթը Ֆրոյդը կոչում էր օբյեկտի ընտրություն՝ ամրակայման միջոցով (կա նաև սիրո օբյեկտի նարցիսական ընտրություն): Այսինքն՝ հետագայում սեռական բավարարության կրկնություն որոնելիս սուբյեկտը անգիտակցաբար կարող է ամրակայվել սննդառության ինքնապահպանման մղման վրա: Ամրակայումը գործում է մարմնական մի շարք այլ գործառույթների դեպքում: Այսինքն՝ սուբյեկտը հետագայում գտնում է հաճույքի նոր օբյեկտներ, բայց գտնելու հիմքում, փաստորեն, վերագտնելն է:
Հարկ է նշել նաև, որ սեռականությունը ինքնավար է դառնում միայն երկրորդային կերպով, երբ սուբյեկտը կորցնում է արտաքին օբյեկտը, և սեռականությունը  գործում է արդեն սուբյեկտի ուղղությամբ (աուտոէրոտիզմ):

Այսպիսով՝ ամրակայումը լիբիդոզ կամ հուզական կախվածություն է օբյեկտից, որտեղ այդ կախվածությունը հիմնվում է վաղ մանկական տարիքում ինքնապահպանման մղման բավարարման, հաճույքի վրա:

Այս եզրույթի հայերեն համարժեքը գտնելու համար՝ փորձել ենք հիմնվել դրա գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն տարբերակների վրա: Գերմաներեն չիմանալու պատճառով՝ բնօրինակում հանդիպող գերմաներեն Anlehnung գոյականը կարող էինք հասկանալ ընդամենը բառարանում նայելով, որտեղ այն թարգմանվում է՝ նեցուկ, սակայն դրա կիրառություններին անհաղորդ ենք:
Ֆրանսերենում այս երևույթը կոչվում է étayage, որ ցույց է տալիս գործողություն կամ վիճակ և որի արմատն է étai ՝ նեցուկ, որմնամույթ, այսինքն ձող, որ ամրացնում են նոր կառուցված պատի և հատակի միջև, որպեզսի պատը ուղիղ մնա և չփլվի: Իսկ անգլերենում այս հասկացությունն արտահայտվում է anaclisis բառով, որ ծագում է  հուն.՝ ἀνακλίνω (anaklino) բայից՝ հակել, ծռել, կռթնեցնել, հենել ինչ-որ բանի դեմ կամ վրա:
Հաշվի առնելով այս հասկացության նախևառաջ  հոգեվերլուծական իմաստը, ապա եզրույթների ընդհանուր իմաստները՝ հայերեն համարժեքի ստանալու մի քանի նախնական տարբերակ գրանցեցի, որոնց շարքում էին «հիմնակայում», «հենքավորում», «նեցուկավորում»: 
Իսկ վերջնական՝ «ամրակայում» եզրը առաջարկեց Կարեն Մկրտչյանը (փիլիսոփա, թարգմանիչ): Կարծում եմ՝ այս եզրը հնարավորինս մոտ է հասկացության հոգեբանական իմաստին, քանի որ սեռական մղումները մեծ հաշվով, ամրանալով հանդերձ՝ հենվում են, «կայում» են ինքնապահպանման մղումների վրա, և այդ ամրանալն է հետագայում հիմք հանդիսանում նրանց անկախանալու համար:



1. Trois essais sur la théorie sexuelle, traduit par Ph. Koeppel, avec une préface de M. Gribinski, Paris, Gallimard, 1987.
















3 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Բարև Ձեզ Անահիտ, շնորհակալ եմ ջերմ գնահատանքի համար:
    Սիրով հրավիրում եմ Ձեզ զրույցի իմ ֆեյսբուքյան էջում՝ Lilit Mnatsakanyan:

    ReplyDelete
    Replies
    1. https://www.facebook.com/profile.php?id=100001171058000

      Delete