Բրիտանացի մանկական հոգեբույժ, հոգեվերլուծող Դոնալդ Վինիկոտը (1896-1971) իր մի շարք աշխատություններում բազմիցս անդրադառնում է երեխայի և օբյեկտի հարաբերություններին և նշում, որ երեխան` բնականոն հոգեկան զարգացման համար մշտական պահանջմունք ունի սեփական «աշխարհի կենտրոնը» լինելու:
Այս պահանջմունքի առկայության պայմաններում երեխան (մինչև մոտ 5 տարեկան) մեծամասամբ հաշվի չի առնում շրջապատող աշխարհի, մարդկանց խնդիրները, հոգսերը, դժվարությունները և այլն: Այս «անհոգության» պատճառը Վինիկոտն այլ կերպ անվանում է «օբյեկտի հետ անխիղճ հարաբերություններ», քանի որ երեխայի վարքում կարելի է նկատել այնպիսի տարրեր, որոնք կարելի է որակել որպես «անխղճություն»: Օրինակ՝ ծնողը լարված աշխատանքային օրվանից հետո, գիշերը փորձում է վերջապես քնել, իսկ երեխան՝ առանց «խղճի խայթի» կարող է նրան արթնացնել, քանի որ ընդամենը խաղալ է ուզում: Այս երևույթը Դ. Վինիկոտն անվանում է նաև «անխիղճ սեր» («ruthless love») ծնողի նկատմամբ:
Երեխայի համար ամբողջ աշխարհը պետք է հարմարվի իր պահանջմունքներին: Հետևաբար, նա մշտապես որոնում է հարաբերությունների այնպիսի օբյեկտ, որն ինքն իրեն կզոհի նրա (երեխայի) պահանջմունքների համար, այսինքն՝ մայրիկի գործառույթը կատարող օբյեկտ:
Ըստ Դ. Վինիկոտի՝ երեխան չի ճանաչում ուրիշի պահանջմունքը, նա կատարելապես նարցիսական է՝ իր իսկ աշխարհի կենտրոնը: Հետևաբար, երեխան (նաև հասուն մարդու մեջ առկա երեխան) ուզում է հանդիպել մեկին, որն ինքն իր սեփական պահանջմունքները կարհարմարհի և փոխարենը կճանաչի երեխայի պահանջմունքները ու ինքն իրեն կզոհի երեխայի պահանջմունքների համար:
Այստեղ կարելի է հիշել Զ. Ֆրոյդի նկարագրած կանացի մազոխիստական հատկանիշներ կրող օբյեկտը, որ հիմնականում մայր է, քանի որ մարդու անգիտակցականում մայրականության առանցքային հատկանիշը ինքնազոհողության հատկանիշն է:
Այսինքն՝ երեխան ունի պահանջմունք հանդիպել մեկին, որն անշահախնդրորեն կօգնի իրեն, որին կալեի է օգտագործել և հետը վարվել անխիղճ կերպով:
Ռենե Ռուսիյոնը հասուն մարդու մոտ օբյեկտի հետ անխիղճ հարաբերությունների երկու օրինակ է բերում. առաջինը հոգեբանի օրինակն է: Ըստ նրա՝ հոգեբանը անձ է, որ միշտ ընդունում է մարդուն, միշտ լսում ու հետևաբար տառապում է նրա հետ: Ու մարդը վճարում է հոգեբանին, որպեսզի իրավունք ունենա անխղճորեն վարվել նրա հոգեկանի հետ: Մյուս օրինակը մարմնավաճառի օրինակն է. մարմնավաճառը, առասպելաբանական իմաստով, կին է, որի հետ կարելի է ամեն ինչ անել, օգտագործել, երբ ցանկանաս և հետը վարվել անխիղճ կերպով:
1. Donald Winnicott, Le Bébé et sa mère, Payot, 1992
2. René Roussillon, Manuel de la pratique clinique en psychologie et psychopathologie, Paris, Elsevier Masson , 2012
No comments:
Post a Comment