Շարունակում ենք անդրադառնալ հոգեվերլուծական այն կարևոր հասկացություններին, որոնք հաճախ երկրորդային տեղ են ստանում գրականության մեջ և պրակտիկայում: Այսօր փորձենք ընդգծել այդպիսի հասկացություններից մեկի՝ սիմվոլիզացիայի հիմնարար նշանակությունը:
Ինչպես գիտենք, մարդն ընդունակ է մտքում պահել և անհրաժեշտության դեպքում կրկին մտովի պատկերացնել օբյեկտներ, նույնիսկ այդ օբյեկտների բացակայության պայմաններում: Այդ երևույթն առաջին անգամ նկարագրել է Ժան Պիաժեն [4]՝ անվանելով սիմվոլիկ ֆունկցիա, և ընդգծելով դրա աստիճանական զարգացումը երեխայի մոտ: Անդրադարձը սիմվոլիկ ֆունկցիային շատ կարևոր է, քանի որ այն հիմք է հանդիսանում սիմվոլիզացիայի գործընթացի համար, չնայած, որ նկարագրվել է ավելի ուշ, քան սիմվոլիզացիան:
Սիմվոլիզացիա հասկացությունը քննարկվում է Զիգմունդ Ֆրոյդի կողմից 1920թ. իր «Հաճույքի սկզբունքից այն կողմ» աշխատության մեջ (չնայած, որ «Երազների մեկնաբանության» մեջ ևս անդրադարձ արվում է այս հասկացությանը): Այստեղ նա սիմվոլիզացիան համարում է հոգեկան կյանքի «սրտում» ընթացող գործընթաց, որն իրենից ներկայացնում է բացակա օբյեկտի մասին պատկերացումներ զարգացնելու մարդու ընդունակությունը, և միևնույն ժամանակ մի այնպիսի օպերացիա, որի շնորհիվ «ինչ-որ բան սուբյեկտի կողմից պատկերացվում է որպես մեկ այլ բան»: Ահա տեսնում ենք, թե ինչպես է սիմվոլիզացիա հասկացությունը զարգանում՝ մի փոքր հեռանալով սեփական հիմքից՝ սիմվոլիկ ֆունկցիայից:
Սիմվոլիզացիա հասկացությունը քննարկվում է Զիգմունդ Ֆրոյդի կողմից 1920թ. իր «Հաճույքի սկզբունքից այն կողմ» աշխատության մեջ (չնայած, որ «Երազների մեկնաբանության» մեջ ևս անդրադարձ արվում է այս հասկացությանը): Այստեղ նա սիմվոլիզացիան համարում է հոգեկան կյանքի «սրտում» ընթացող գործընթաց, որն իրենից ներկայացնում է բացակա օբյեկտի մասին պատկերացումներ զարգացնելու մարդու ընդունակությունը, և միևնույն ժամանակ մի այնպիսի օպերացիա, որի շնորհիվ «ինչ-որ բան սուբյեկտի կողմից պատկերացվում է որպես մեկ այլ բան»: Ահա տեսնում ենք, թե ինչպես է սիմվոլիզացիա հասկացությունը զարգանում՝ մի փոքր հեռանալով սեփական հիմքից՝ սիմվոլիկ ֆունկցիայից:
Հիմա տեսնենք, թե ինչպես ծագեց սիմվոլիզացիայի գաղափարը: Զիգմունդ Ֆրոյդը, որդու հետ խաղալով, դիտում է որդուն՝ մեկուկես տարեկան Էռնեստ Ֆրոյդին, թելով կապված ճախարակով խաղալիս (ճախարակին երեխան անվանում էր «յոյո»): Էռնեստը գցում էր ճախարակը և թելով քաշում դեպի իրեն՝ միաժամանակ արտասանելով՝ «Fort - Da»` «այնտեղ-այստեղ»: Ֆրոյդը նկատում է, որ երեխան սկսում է տիրապետել խոսքին և սիմվոլիզացնում ինչ-որ կրկնություն, որը հավանաբար տրավմայի կրկնություն է: Ֆրոյդը հասկանում է, որ ճախարակը մոր սիմվոլիզացիան է՝ նրա ներկայությունը և բացակայությունը, մոր գնալը և գալը, ինչը երեխայի համար կրկնվող տրավմա է: Եվ ճախարակով խաղն այդպիսով տրավմայի կրկնության սիմվոլիզացիան է: Երեխան փորձում է հաճույք ստանալ ինչպես մոր ներկայությունից, այնպես էլ բացակայությունից, որտեղ մայրիկը մոր պտուկի սիմվոլիզացիան է՝ բավարարման առաջին փորձառության: Քանի որ առաջ երեխան ֆանտազմային, հալյուցինատոր կերպով դեռևս պահում էր մոր կերպարը նրա բացակայության ժամանակ, որպեսզի հաշվի չնստեր նրա բացակայության հետ, այժմ նա հասուն է իրականությունը հաշվի առնելու համար՝ նկատում է մոր բացակայությունն, ավելին, հաճույք ստանում դրանից: Այս գաղափարից հաճույքի սկզբունքի հետ մեկտեղ ծնվեց նաև Ֆրոյդի շրջադարձային՝ մղումների բավարարման «իրականության սկզբունքը»:
Այսպիսով, երեխան կրկնում է տհաճ տրավման կամովին. դա նշանակում է, որ կա ինչ-որ ներքին պայման այդ կրկնության համար: Այդ հանգամանքը, ըստ Ֆրոյդի, կրկնության կոմպուլսիան էր: Այդ կոմպուլսիան չի շարժվում հաճույքի սկզբունքով, այլ, փաստորեն, փորձում է յուրացնել տրավման, այսպես ասած՝ տիրապետել տրավմային, այն սիմվոլիզացնել: Մի խոսքով՝ երեխան սիմվոլիկ կերպով կրկնում է տհաճ և ցավոտ տրավման՝ փորձելով յուրացնել այն, ինտեգրել սեփական հոգեկանի մեջ: Ուրեմն արդեն պարզ է, թե ինչ անփոխարինելի նշանակութուն ունի սիմվոլիզացիան հոգեթերապևտիկ աշխատանքում:
Ահա այսպես Ֆրոյդը վերջնականապես ձևակերպեց սիմվոլիզացիայի առեղծվածային գործընթացը:
Սիմվոլիզացիան անմիջապես կապված է հոգեվերլուծական հիմնական հասկացությունների հետ, հատկապես օբյեկտ-սուբյեկտ հարաբերությունների: Հոգեվերլուծական միջազգային բառարանում [1] ընդգծվում է, որ «չնայած, որ սիմվոլը կարող է նաև բացակա օբյեկտի փոխարինողը հանդիսանալ, այն ավելի շուտ մի գործընթացի արդյունք է, որը ենթադրում է ընդունակություն պատկերացնել բացակա օբյեկտը սուբյեկտի կողմից, որտեղ սուբյեկտն ունակ է հասկանալու, որ սիմվոլը տարբեր է սիմվոլիզացված օբյեկտից: Դա նպաստում է նրան, որ մարդը կառուցում է իր երևակայելու, պատկերացնելու ունակությունը և կազմակերպում սեփական հոգեկան տիրույթը: Այս տեսանկյունից այն նախևառաջ մեխանիզմ է, որ թույլ է տալիս պայքարել օբյեկտի կորստի հետ կապված դեպրեսիայի դեմ, ինչպես նաև սահմանափակել աֆեկտների շրջանառությունը» [1, p. 1680]:
Երազների մասին խոսելիս Ֆրոյդը հաճախ ընդգծում է, որ հալյուցինացիան պահանջմունքի բավարարման ֆունկցիա ունի: Երեխայի մոտ նախնական փորձի ժամանակ, ինչպես օրինակ մոր կուրծքն ուտելիս, երեխան մորն ընկալում է որպես ամբողջական՝ «տոտալ» օբյեկտ, որը, ըստ էության, հենց օբյեկտի հալյուցինացիա է: Կարող ենք ասել, որ այս գործընթացի ժամանակ է գործում սիմվոլիզացիան՝ պահանջմունքի դաշտի (կաթը ուտելը) և մղման դաշտի (կրծքի հետ ինկորպորացիա) միջև: Այստեղ առկա նարցիսական բաղադրիչի (ես կուրծքն եմ) և օբյեկտային բաղադրիչի (ես այն ունեմ, հետևաբար ես այն չեմ) արանքում կազմավորվում է "ունենալու" հալյուցինատոր փորձը, ինչը սիմվոլիկ բնույթ ունի: Սա շատ կարևոր պահ է, քանի որ լինելու և ունենալու միջև առկա է մեծ ճեղք, որը հենց օբյեկտ (լինել) և սուբյեկտ (ունենալ) տարբերության հիմքն է: Հետևաբար սիմվոլիզացիան սուբյեկտի հատկանիշն է. այն օգնում է մեզ դադարել լինել օբյեկտ և դառնալ սուբյեկտ:
- Dictionnaire international de la psychanalyse, sous la direction de Alain de Mijolla, Callmann-Lévy, Paris, 2002.
- Freud, S., (1920), Au-delà du principe de plaisir, Paris, Payot, coll. "Petite Bibliothèque Payot", 2010.
- Freud, S., (1900), Les deux principes qui ont cours dans la vie psychique, in L'interprétation des rêves. Paris, PUF, 2003.
- Piaget, J., (1950), Introduction à l'épistémologie génétique. (III) La pensée biologique. La pensée psychologique. La pensée sociologique; Vol.1p. 258.
This comment has been removed by a blog administrator.
ReplyDelete