Tuesday, April 12, 2016

ՊՐՈՅԵԿՏԻՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ

Պրոյեկտիվ նույնականացումը (պրոյեկտիվ իդենտիֆիկացիան) անձի հիմնական ու կարևորագույն հոգեբանական պաշտպանական մեխանիզմներից մեկն է՝ չնայած, որ դրան համեմատաբար քիչ անդրադարձ է կատարվում հոգեթերապևտիկ գրականության մեջ, մանավանդ եթե այդ գրականությունը հոգեվերլուծական չէ: Պրոյեկտիվ նույնականացումն էլ ավելի հազվադեպ է նկարագրվում և բացատրվում իր կոնցեպտի ամբողջականության մեջ՝ այդ մեխանիզմը հոգեկան այլ միավորների հետ կապերի համատեքստում, ուստի կարծում եմ, որ խիստ անհրաժեշտ է այս հասկացությանը հանգամանալից մոտեցում ցույց տալ: Եթե կարողանանք հեշտությամբ տարբերակել այն  հոգեկանի գործունեության բազմազան "աներևույթ երևույթների" շարքում, մեզ համար անհամեմատ ավելի պարզ կլինեն հոգեկան մի շարք դրսևորումներ հատկապես հոգեթերապևտիկ հարաբերություններում: Այս գրառումը, իհարկե, չի հավակնում այդ դերը ստանձնել, սակայն այն կարող է հետաքրքրություն առաջացնել՝ ավելի խորությամբ ուսումնասիրելու համար այս երևույթը:


Պրոյեկտիվ նույնականացումը համարվում է նարցիսական պաշտպանական մեխանիզմ:
Եթե փորձենք պարզ կերպով սահմանել այն, ապա կարող ենք ասել, որ պրոյեկտիվ նույնականացումը անգիտակցական գործընթաց է, որի դեպքում անձը պրոյեկտում է իր եսի հատկությունները որևէ արտաքին օբյեկտի վրա, որպեսզի դրա մեջ ինքն իրեն տեսնի, ճանաչի: 
Ուրեմն արդեն կարող ենք ենթադրել, որ պրոյեկտիվ նույնականացումը միջսուբյեկտային հարաբերությունների մեջ առաջնային կարևորության մեխանիզմ է: Այն ապահովում է անձի փորձի, հատկապես հուզական փորձի փոխանցումը մեկ այլ անձի, այսինքն հիմք է ծառայում միջսուբյեկտային էմպաթիկ հարաբերություններին:

Եթե փորձենք ցույց տալ պրոյեկտիվ նույնականացում հոգեկան ֆունկցիան երեք կետով, ապա կստանանք հետևյալը.
1.  այն հուզական-աֆեկտիվ վիճակների հաղորդում է,
2. հոգեկան անհանգստացնող բովանդակություններից ձերբազատումն է, որ տեղի է ունենում այդ բովանդակությունների պրոյեկցիայով արտաքին օբյեկտի վրա և այդ օբյեկտի վերահսկմամբ,
3. այն մեր ներթափանցումն է ուրիշի ներսը՝ նրան տիրելու, սեփականացնելու և, իհարկե, դեգրադացնելու համար (պաթոլոգիկ դրսևորում):

Քննարկենք մի օրինակ, որում երևում է պրոյեկտիվ նույնականացման կիրառումը:
Աշխատավայրում Ա աշխատակիցը՝ որպես պաշտպանություն սեփական ոչ ադեկվատության զգացման՝ այնպիսի վարք է ցուցաբերում, կարծես ինքը ամենագիտակ և ամենակայացածն է ողջ աշխատակազմի մեջ: Աշխատանքային առօրյայում նա անդադար ցույց է տալիս, թե Բ աշխատակիցը ադեկվատ չէ: Չնայած, որ Բ աշխատակիցը մասնագիտորեն հավասար է իրեն, Ա անընդհատ փորձում է ինչ-որ բաներ սովորեցնել նրան, հարցերով պարզել՝ արդյոք հասկացե՞լ է, թե՞ ոչ՝ նրան դնելով ուսանողի տեղ: Երբ Բ որոշ հարցերում թերանում է, Ա սկսում է ծաղրել և ամրապնդել իր դիրքերը: Այսպիսի հարաբերությունների տևական շարունակության դեպքում Բ կորցնում է ինքնավստահությունը, սկսում ինքն իրեն ոչ ադեկվատ զգալ: Սա օրինակ է, որտեղ երևում է, թե ինչպես է Ա աշխատակիցը պրոյեկտում սեփական եսի բովանդակությունը Բ-ի վրա և Բ-ին վերաբերվում՝ համաձայն իր իսկ պրոյեկցիայի՝ անելով ամեն ինչ, որպեսզի Բ ընդունի պրոյեկտված անցանկալի զգացումները (առհասարակ, պրոյեկտիվ նույնականացմանը հատուկ է հստակ արտահայտված վարք, գործողություն՝ պրոյեկցիան արդարացնելու համար, ինչով և այն տարբերվում է պրոյեկցիայից, նույնականացումից, տրանսֆերից և այլն):

Այժմ փորձենք ցույց տալ, թե ինչպես զարգացավ պրոյեկտիվ նույնականացման հայեցակարգը հոգեվերլուծության մեջ: 

Չնայած, որ Զիգմունդ Ֆրոյդը չի խոսում պրոյեկտիվ նույնականացման մասին, Ֆրոյդի տեսության մեջ հիմնարար նախադրյալներ կան այս հասկացության զարգացման համար: Օրինակ՝ նա հստակ նկարագրում է նույնականացումը (իդենտիֆիկացիան)՝ առանձնացնելով հիստերիկ նույնականացում և նարցիսական նույնականացում: Հիստերիկ նույնականացումը նա նկարագրում է որպես գործընթաց, որի դեպքում սուբյեկտը, ուրիշի մի մասը յուրացնելով, հաճույք է ստանում, ուստի հաճույքի սկզբունքով՝ հաճույք ստանալու համար ձգտում է յուրացնել ուրիշի մի մասը: Իսկ նարցիսական նույնականացում Ֆրոյդը համարում է "ինֆանտիլ կապի թատերականացումը", այսինքն երբ սուբյեկտը նույնականանում է ծնողի հետ. եթե, ասենք, կապը ավելի մերձ է մոր հետ, ապա նույնականացումը մոր հետ է ստեղծվում (այս կերպ Ֆրոյդը բացատրում է հոմոսեքսուալիզմի զարգացումը իր "Լեոնարդո դա Վինչի"-ում): Նարցիսական նույնականացում առկա է, օրինակ, սադո-մազոխիստական զույգի կամ վուայերո-էքսհիբիցիոնիստական զույգի մոտ, երբ մազոխիստ սուբյեկտը հաճույք է ստանում՝ նույնականանալով սադիստ սուբյեկտի հետ, իսկ օրինակ՝ վուայերիստ սուբյեկտը հաճույք է ստանում՝ նույնականանալով էքսհիբիցիոնիստ սուբյեկտին: Նույն կերպ հոմոսեքսուալիստ անձը, նույնականանալով իր սեռի սուբյեկտի հետ և նրա միջոցով տեսնելով ինքն իրեն,  հաճույք է ստանում (կարճ ասած՝ սիրելով իր սեռի սուբյեկտին՝ նա նրա միջոցով սիրում է ինքն իրեն ու հաճույք ստանում այդ սիրուց):
Ֆրոյդը ներմուծում է նաև պրոյեկցիայի հասկացությունը՝ սուբյեկտի միտումը իր ներքին բովանդակությունը արտաքին աշխարհում տեսնելու: Նա նկարագրում է փոխադրումը, որը սուբյեկտի եսի մի մասը ուրիշի մեջ դնելն է՝ առկա կապի հատկությունը կրկնելու համար (օրինակ՝ մեկը ենթարկեցրել է ինձ, ես էլ ենթարկեցնում եմ մեկ ուրիշին): Չենք կարող չնշել տրանսֆերի հասկացությունը՝ ներքին օբյեկտի տեղափոխում, կամ իդեալականացման հասկացությունը (իդեալական եսի տրանսֆերը), տելեպաթիան՝ մտածողության փոխանցումը և այլն: Այսինքն տեսնում ենք, որ Զ. Ֆրոյդը լուրջ հիմքեր է դրել պրոյեկտիվ նույնականացման գաղափարի ստեղծման համար:

Ֆրոյդի մտածողության համաձայն՝ նույնականացումը օրալ բնույթ ունի, այսինքն դրսից վերցվում և տարվում է դեպի ներս: Այս կետում նրա և Մելանի Քլայնի հայացքները խաչվեցին, որի արդյունքում և, մեծ հաշվով, ծնվեց պրոյեկտիվ նույնականացման հասկացությունը: Մելանի Քլայնը մեղմ ասած կասկածեց, որ նույնականացումը ոչ թե օրալ, այլ անալ հատկանիշ ունի, քանի որ մենք հաճախ նույնականանալիս մեր եսից մի բան վերցնում ենք և դնում դրսի օբյեկտի մեջ: Այս գաղափարը մշակելուց հետո Մելանի Քլայնը 1946-ին առաջին անգամ խոսում է ոչ թե նույնականացման, այլ պրոյեկտիվ նույնականացման մասին, որից հետո 1952 թվականին իր՝ «Զարգացումը հոգեվերլուծության մեջ» աշխատության մեջ արդեն կիրառում է այդ եզրույթը: Ըստ նրա՝ պրոյեկտիվ նույնականացումը, ըստ էության, անգիտակցական ֆանտազիա է, որում ինքնության ասպեկտները կամ որևէ ներքին օբյեկտ առանձնացվում և վերագրվում է մի արտաքին օբյեկտի: Դա պաշտպանական մեխանիզմ է, որի դեպքում Ա անձը անգիտակցորեն փորձում է ազդել Բ անձի վրա այնպես, որպեսզի Բ անձն իրեն պահի Բ անձի հոգեկանի մասին Ա անձի ֆանտաստիկ պատկերացումներին համապատասխան (Քլայնը, Ա անձ ասելով, նկատի ուներ մայրիկին, իսկ Բ անձ ասելով՝ երեխային): Կարելի է տեսնել, որ այս պրոցեսում մեծ է նաև ինտրոյեկցիայի դերը: 

Ես ձեզ տամ նաև «Օքսֆորդ Հոգեբանության բառարան»-ի սահմանումը՝ «պրոյեկտիվ նույնականացումը քլայնյան վերլուծության հայեցակարգ է, որ իրենից ներկայացնում է ֆանտազիա, որում անձը իրեն կամ իր մի մասը ներդնում է որևէ բնազդային օբյեկտի մեջ՝ այն սեփականացնելու, վերահսկելու կամ վնասելու նպատակով» [Oxford Dictionary of Psychology, Andrew M. Colman, Oxford University Press, 2006, p. 606]:

Մելանի Քլայնի համոզմամբ` պրոյեկտիվ նույնականացումը անալ սադիզմի պրոյեկցիայի դրսևորում է մոր կողմից, իսկ երեխայի կողմից՝ օրալ վամպիրիզմի դրսևորում (մոր կուրծքը ծծելով՝ փորձում է դատարկել մոր մարմինը): Պրոյեկտիվ նույնականացումը եսի տարածման փորձ է՝ մտնել ուրիշի տարածք, գրավել այն, սեփականացնել:

Մելանի Քլայնից, հետո XX դարի մեծագույն հոգեվերլուծողներից մեկը՝ Ուիլֆրեդ Բիոնը (Wilfred Bion, մի օր անպայման կանդրադառնամ նրա տեսությանը), խոսեց նորմալ և պաթոլոգիկ պրոյեկտիվ նույնականացման մասին: Ըստ նրա՝ նորմալ պրոյեկտիվ նույնականացումը, որը նա կոչում էր որակական պրոյեկտիվ նույնականացում, մեծամասամբ հաղորդակցությանն է ծառայում և այլ արտահայտված գործառույթ չունի, մինչդեռ պաթոլոգիկ պրոյեկտիվ նույնականացումը՝ քանակական պրոյեկտիվ նույնականացումը, ծառայում է անհանգստացնող, տառապանք պատճառող բովանդակություններից անդադար ձերբազատվելուն, որն իրականացվում է դրանք արտաքին օբյեկտի վրա պրոյեկտելու, այդ օբյեկտը սեփականացնելու և քայքայելու միջոցով: 

Խնդրին բավականին հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել Դոնալդ Մելցերը (Donald Meltzer). ըստ նրա՝ պրոյեկտիվ նույնականացումը ոչ միայն արտաքին, այլև ներքին գործընթաց է, որ ենթադրում է հետևյալը. մտնել դիմացինի ներսը և այնտեղ զարգացնել  որոշակի զառանցագին ես, որը նա համեմատում է վինիկոտյան "կեղծ ինքնություն" ("false self") հասկացությանը (Մելցերը հիմնականում շեշտում է սուբյեկտի պարանոյիդ-շիզոյիդ հատկանիշները): Օրինակ, երբ շիզոֆրենիայով սուբյեկտը "մարմնավորվում" է (վինիկոտյան "ինկորպորացիա" եզրույթն է) Քրիստոսի կերպարով, նա դրսևորում է պաթոլոգիկ պրոյեկտիվ նույնականացում, որը հենց ինքնին ներքին գործընթաց է, իսկ երբ քրիստոնյան հաղորդակցվում է Քրիստոսի հետ, նա ընդամենը ինտրոյեկտում է Քրիստոսի կերպարը:

Ալբեր Սիկոնը (Albert Ciccone) իր դասախոսություններից մեկի ժամանակ առաձնացնում է մի քանի կետ՝ հասկանալու համար, թե ինչ պատճառներ են դրդում պրոյեկտիվ նույնականացման իրականացմանը: Այդ հիմնական դրդապատճառներն են.

1. բաժանման հանդեպ անհանդուրժողականությունը,
2.ամենակարող վերահսկողության պահանջմունքը (եսի նարցիսական ընդարձակում),
3.նախանձ-խանդ (դեստրուկտիվ մղում) ուրիշի ինտիմ տիրույթի հանդեպ,
4.անպաշտպանություն, տագնապ, օգնության փնտրտուք,
5.օբյեկտի՝ ծնողական ֆունկցիայի ապահովման ձախողումը:

Պրոյեկտիվ նույնականացման հետևանքները կարելի է բաժանել երկու հիմնական խմբի.
1. փոփոխված նույնականության զգացողություն, դեպերսոնալիզացիա, նույնականության կոնֆուզիա՝ պսևդո-նույնականություն,
2. տագնապ, որն իր հերթին երկու ձևով կարող է դրսևորվել.
  • կլաուստրոֆոբիկ՝ փակվածության, օտարվածության, բանտարկվածության, հալածվածության զգացում,
  • դեպրեսիվ՝ լքված, ամայացած, դեն նետված, մարդկային հասարակության կողմից ամբողջովին արտաքսված լինելու զգացում: 
Այս ամենի հիման վրա այժմ փորձենք ամփոփելով հասկանալ, թե ինչումն է պրոյեկտիվ նույնականացման ֆենոմենոլոգիան: Ինչպես տեսնում ենք, դա սիմբիոտիկ պրոցես է: Նախևառաջ դա հիմնված է օբյեկտային հարաբերություններից կոմպուլսիվ կապվածության և կոմպուլսիվ կախվածության վրա: Այս հարաբերությունների ամենակարևոր հատկանիշներից մեկն արհեստականությունն է, այսինքն ստեղծված հարաբերությունները կեղծ են: Միևնույն ժամանակ սուբյեկտի մոտ որպես կանոն առկա է  լինում բավականին վառ արտահայտվող անկախ լինելու զառանցանք՝ պատրանք, որ ինքը կախված չէ ոչ ոքից (որը հենց ուրիշի հետ նույնականացման արդյունք է գուցե՝ false self-ի հատկանիշներից): Բիոնը նշում է, որ սուբյեկտի մոտ հստակ դրսևորվում է սեփական ինտելեկտի գերագնահատում և "պարզ տեսնելու" զառանցանքը, այսինքն սուբյեկտը վստահ է, որ ինքը շատ խորությամբ և պարզ տեսնում ու հասկանում է ուրիշների հոգեկանը: Ինչպես նաև նա հաճախ ծաղրում է այն օբյեկտները, որոնց հետ նույնականանում է:

Հերբերտ Ռոզենֆելդը (Herbert Rosenfeld) նկարագրում է պացիենտների հետ հարաբերությունները հոգեթերապևտիկ պրոցեսում պրոյեկտիվ նույնականացման պաթոլոգիկ կիրառման ժամանակ: Նա պացիենտի՝ թերապևտի հետ ունեցած հարաբերությունները բնութագրում է որպես "մակաբուծային հարաբերություններ", որտեղ պացիենտը կառչած, "սոսնձված" է թերապևտին: Նա նաև նշում է, որ այս պացիենտների մոտ առկա է նաև "զառանցող հարաբերություններ" հասկացությունը, որտեղ պացիենտը փորձում է համոզել թերապևտին, որ ինքը այնպիսին չէ, ինչպես որ թերապևտը կարծում է, ինքը ուրիշ է:

Ինչպես տեսնում ենք, պրոյեկտիվ նույնականացումը շատ համապարփակ հոգեկան երևույթ է, որն ունի մեկնաբանման մի շարք տարբերակներ: Լինելով ինչպես ընդհանուր հոգեբանական գիտելիք, այնպես էլ հոգեթերապիայի տեսության մեջ կարևորագույն դրույթ՝ պրոյեկտիվ նույնականացումը վերլուծելու, բացատրելու և մյուս հոգեկան երևույթների հետ առնչություններ գտնելու մեծ անհրաժեշտություն է ներկայացնում: 

Նյութի կազմման համար հիմք են ծառայել.
Լիոնի Լյումիեր համալսարանի Հոգեախտաբանության և կլինիկական հոգեբանության հետազոտական կենտրոնի դասախոսներ՝ պրոֆ. Ալբեր Սիկոնի, պրոֆ. Ռենե Կաեսի դասախոսությունները, 
ինչպես նաև հետևյալ աշխատությունները՝ 

1.  Bion, W., (1983). Réflexion faite, PUF.

2. Ciccone, A. (2000).  La transmission psychique inconsciente. Identification projective et fantasme de transmission. DUNOD.

3.  Meltzer, D. (1999). Le claustrum. Une exploration des phénomènes claustrophobiques. Du Hublot.

4. http://drgutman.org/giustra/clarification_of_projective_id.pdf

No comments:

Post a Comment