Saturday, April 23, 2016

ՍԻՄՎՈԼԻԶԱՑԻԱ

Շարունակում ենք անդրադառնալ հոգեվերլուծական այն կարևոր հասկացություններին, որոնք հաճախ երկրորդային տեղ են ստանում գրականության մեջ և պրակտիկայում: Այսօր փորձենք ընդգծել այդպիսի հասկացություններից մեկի՝ սիմվոլիզացիայի հիմնարար նշանակությունը:  
Ինչպես գիտենք, մարդն ընդունակ է մտքում պահել և անհրաժեշտության դեպքում կրկին մտովի պատկերացնել օբյեկտներ, նույնիսկ այդ օբյեկտների բացակայության պայմաններում: Այդ երևույթն առաջին անգամ նկարագրել է Ժան Պիաժեն [4]՝ անվանելով սիմվոլիկ ֆունկցիա, և ընդգծելով դրա աստիճանական զարգացումը երեխայի մոտ: Անդրադարձը  սիմվոլիկ ֆունկցիային շատ կարևոր է, քանի որ այն հիմք է հանդիսանում սիմվոլիզացիայի գործընթացի համար, չնայած, որ նկարագրվել է ավելի ուշ, քան սիմվոլիզացիան:

Սիմվոլիզացիա հասկացությունը քննարկվում է Զիգմունդ Ֆրոյդի կողմից 1920թ. իր «Հաճույքի սկզբունքից այն կողմ» աշխատության մեջ (չնայած, որ «Երազների մեկնաբանության» մեջ ևս անդրադարձ արվում է այս հասկացությանը): Այստեղ նա սիմվոլիզացիան համարում է հոգեկան կյանքի «սրտում» ընթացող գործընթաց, որն իրենից ներկայացնում է բացակա օբյեկտի մասին պատկերացումներ զարգացնելու մարդու ընդունակությունը, և միևնույն ժամանակ մի այնպիսի օպերացիա, որի շնորհիվ «ինչ-որ բան սուբյեկտի կողմից պատկերացվում է որպես մեկ այլ բան»:  Ահա տեսնում ենք, թե ինչպես է սիմվոլիզացիա հասկացությունը զարգանում՝ մի փոքր հեռանալով սեփական հիմքից՝ սիմվոլիկ ֆունկցիայից:

Հիմա տեսնենք, թե ինչպես ծագեց սիմվոլիզացիայի գաղափարը: Զիգմունդ Ֆրոյդը, որդու հետ խաղալով, դիտում է որդուն՝ մեկուկես տարեկան Էռնեստ Ֆրոյդին, թելով կապված ճախարակով խաղալիս (ճախարակին երեխան անվանում էր «յոյո»): Էռնեստը գցում էր ճախարակը և թելով քաշում դեպի իրեն՝ միաժամանակ արտասանելով՝ «Fort - Da»«այնտեղ-այստեղ»: Ֆրոյդը նկատում է, որ երեխան սկսում է տիրապետել խոսքին և սիմվոլիզացնում ինչ-որ կրկնություն, որը հավանաբար տրավմայի կրկնություն է: Ֆրոյդը հասկանում է, որ ճախարակը մոր սիմվոլիզացիան է՝ նրա ներկայությունը և բացակայությունը, մոր գնալը և գալը, ինչը երեխայի համար կրկնվող տրավմա է: Եվ ճախարակով խաղն այդպիսով տրավմայի կրկնության սիմվոլիզացիան է: Երեխան փորձում է հաճույք ստանալ ինչպես մոր ներկայությունից, այնպես էլ բացակայությունից, որտեղ մայրիկը մոր պտուկի սիմվոլիզացիան է՝ բավարարման առաջին փորձառության: Քանի որ առաջ երեխան ֆանտազմային, հալյուցինատոր կերպով դեռևս պահում էր մոր կերպարը նրա բացակայության ժամանակ, որպեսզի հաշվի չնստեր նրա բացակայության հետ, այժմ նա հասուն է իրականությունը հաշվի առնելու համար՝ նկատում է մոր բացակայությունն, ավելին, հաճույք ստանում դրանից: Այս գաղափարից հաճույքի սկզբունքի հետ մեկտեղ ծնվեց նաև Ֆրոյդի շրջադարձային՝ մղումների բավարարման «իրականության սկզբունքը»:
Այսպիսով, երեխան կրկնում է տհաճ տրավման կամովին. դա նշանակում է, որ կա ինչ-որ ներքին պայման այդ կրկնության համար: Այդ հանգամանքը, ըստ Ֆրոյդի, կրկնության կոմպուլսիան էր: Այդ կոմպուլսիան չի շարժվում հաճույքի սկզբունքով, այլ, փաստորեն, փորձում է յուրացնել տրավման, այսպես ասած՝ տիրապետել տրավմային, այն սիմվոլիզացնել: Մի խոսքով՝ երեխան սիմվոլիկ կերպով կրկնում է տհաճ և ցավոտ տրավման՝ փորձելով յուրացնել այն, ինտեգրել սեփական հոգեկանի մեջ: Ուրեմն արդեն պարզ է, թե ինչ անփոխարինելի նշանակութուն ունի սիմվոլիզացիան հոգեթերապևտիկ աշխատանքում:
Ահա այսպես Ֆրոյդը վերջնականապես ձևակերպեց սիմվոլիզացիայի առեղծվածային գործընթացը:

Սիմվոլիզացիան անմիջապես կապված է հոգեվերլուծական հիմնական հասկացությունների հետ, հատկապես օբյեկտ-սուբյեկտ հարաբերությունների: Հոգեվերլուծական միջազգային բառարանում [1] ընդգծվում է, որ «չնայած, որ սիմվոլը կարող է նաև բացակա օբյեկտի փոխարինողը հանդիսանալ, այն ավելի շուտ մի գործընթացի արդյունք է, որը ենթադրում է ընդունակություն պատկերացնել բացակա օբյեկտը սուբյեկտի կողմից, որտեղ սուբյեկտն ունակ է հասկանալու, որ սիմվոլը տարբեր է սիմվոլիզացված օբյեկտից: Դա նպաստում է նրան, որ մարդը կառուցում է իր երևակայելու, պատկերացնելու ունակությունը և կազմակերպում սեփական հոգեկան տիրույթը: Այս տեսանկյունից այն նախևառաջ մեխանիզմ է, որ թույլ է տալիս պայքարել օբյեկտի կորստի հետ կապված դեպրեսիայի դեմ, ինչպես նաև սահմանափակել աֆեկտների շրջանառությունը» [1, p. 1680]:
Երազների մասին խոսելիս Ֆրոյդը հաճախ ընդգծում է, որ հալյուցինացիան պահանջմունքի բավարարման ֆունկցիա ունի: Երեխայի մոտ նախնական փորձի ժամանակ, ինչպես օրինակ մոր կուրծքն ուտելիս, երեխան մորն ընկալում է որպես ամբողջական՝ «տոտալ» օբյեկտ, որը, ըստ էության, հենց օբյեկտի հալյուցինացիա է: Կարող ենք ասել, որ այս գործընթացի ժամանակ է գործում սիմվոլիզացիան՝ պահանջմունքի դաշտի (կաթը ուտելը) և մղման դաշտի (կրծքի հետ ինկորպորացիա) միջև: Այստեղ առկա նարցիսական բաղադրիչի (ես կուրծքն եմ) և օբյեկտային բաղադրիչի (ես այն ունեմ, հետևաբար ես այն չեմ) արանքում կազմավորվում է "ունենալու" հալյուցինատոր փորձը, ինչը սիմվոլիկ բնույթ ունի: Սա շատ կարևոր պահ է, քանի որ լինելու և ունենալու միջև առկա է մեծ ճեղք, որը հենց  օբյեկտ (լինել) և սուբյեկտ (ունենալ) տարբերության հիմքն է: Հետևաբար սիմվոլիզացիան սուբյեկտի հատկանիշն է. այն օգնում է մեզ դադարել լինել օբյեկտ և դառնալ սուբյեկտ:


  1. Dictionnaire international de la psychanalyse, sous la direction de Alain de Mijolla, Callmann-Lévy, Paris, 2002.
  2. Freud, S., (1920), Au-delà du principe de plaisir, Paris, Payot, coll. "Petite Bibliothèque Payot", 2010.
  3. Freud, S., (1900), Les deux principes qui ont cours dans la vie psychique, in L'interprétation des rêves. Paris, PUF, 2003.
  4. Piaget, J., (1950), Introduction à l'épistémologie génétique. (III) La pensée biologique. La pensée psychologique. La pensée sociologique; Vol.1p. 258.


















1 comment:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete