Իր` «Քաղաքակրթության անհարմարությունը» (1930) աշխատության V գլխում Զիգմունդ Ֆրոյդն անդրադառնում է մերձավորի նկատմամբ սիրո «անհարմարությանը» և այդ համատեքստում անդրադառնում ժամանակաշրջանի արդիական հարցերին: Ստորև բերված հատվածը բավականին հետաքրքիր է մեր օրերի մարդու հայացքով նայելիս, ուրեմն ցանկությունս մեծ էր ձեզ հետ այն կիսելու:
«Կոմունիստները կարծում են, թե գտել են մեզ դժբախտությունից փրկելու ուղին: Մարդն ի բնե լավն է, դրական է տրամադրված իր մերձավորի նկատմամբ, բայց մասնավոր սեփականության հաստատումը ապականել է նրա բնությունը: Մասնավոր բարիքների սեփականացումը մեկին իշխանություն է տալիս և, արդյունքում, նաև նրա մոտ միտում է ստեղծում վատ վերաբերվելու իր մերձավորին. իսկ նա, ով զրկված է այդ սեփականությունից, միտված է միայն թշնամանքով ապստամբել հարստահարողի դեմ: Եթե վերացնենք մասնավոր սեփականությունը, եթե ընդհանուր դարձնենք բոլոր բարիքները և թույլ տանք, որ բոլոր մարդիկ մասնակցեն այդ ամենը վայելելուն, չարությունն ու թշնամանքը կանհետանան մարդկանց միջից: Եթե բոլոր պահանջմունքները բավարարվեն, ոչ ոք առիթ չի ունենա ուրիշի մեջ իր թշնամուն տեսնելու. բոլորը կենթարկվեն անհրաժեշտ աշխատանք կատարելու իրենց ազատ կամքին:
«Կոմունիստները կարծում են, թե գտել են մեզ դժբախտությունից փրկելու ուղին: Մարդն ի բնե լավն է, դրական է տրամադրված իր մերձավորի նկատմամբ, բայց մասնավոր սեփականության հաստատումը ապականել է նրա բնությունը: Մասնավոր բարիքների սեփականացումը մեկին իշխանություն է տալիս և, արդյունքում, նաև նրա մոտ միտում է ստեղծում վատ վերաբերվելու իր մերձավորին. իսկ նա, ով զրկված է այդ սեփականությունից, միտված է միայն թշնամանքով ապստամբել հարստահարողի դեմ: Եթե վերացնենք մասնավոր սեփականությունը, եթե ընդհանուր դարձնենք բոլոր բարիքները և թույլ տանք, որ բոլոր մարդիկ մասնակցեն այդ ամենը վայելելուն, չարությունն ու թշնամանքը կանհետանան մարդկանց միջից: Եթե բոլոր պահանջմունքները բավարարվեն, ոչ ոք առիթ չի ունենա ուրիշի մեջ իր թշնամուն տեսնելու. բոլորը կենթարկվեն անհրաժեշտ աշխատանք կատարելու իրենց ազատ կամքին:
Ես չեմ խառնվում կոմունիստական համակարգի տնտեսագիտական քննադատությանը. ես չգիտեմ՝ մասնավոր սեփականության վերացումը անդյունավետ և շահավետ է, թե ոչ: Բայց այդ համակարգին հոգեբանական տեսանկյունից նայելով՝ ես կարող եմ քողազերծել մի պատրանք, որ երկար կյանք չունի: Վերացնելով մասնավոր սեփականությունը՝ մենք խլում ենք մարդկային ագրեսիվությունից իր գործիքներից մեկը. որոշ դեպքերում ամենադիմացկուն գործիքը, որոշ դեպքերում՝ ոչ այնքան դիմացկուն: Ագրեսիվության զորությունը և ազդեցությունը, որոնք այն չարաշահում է իր նպատակներն իրագործելու համար, չեն փոխվել, ոչ էլ ագրեսիվության բնույթն է փոխվել: Այն չի ստեղծվել սեփականության կողմից, այն տիրում էր՝ համարյա առանց սահմանափակումների, դեռևս նախնադարյան շրջանում, երբ սեփականությունը դեռևս շատ խղճուկ էր, ագրեսիվությունը դրսևորվում է՝ սկսած վաղ մանկությունից, այնքան շուտ, որ սեփականությունը դեռևս իր պարզունակ անալ ձևը չունի, այն բոլոր էակների միջև բոլոր՝ սիրային և քնքշության բնույթի հարաբերությունների հիմքում է, գուցե միակ բացառությունը կլինի մոր և արական սեռի սերնդի միջև հարաբերությունը: Եթե նույնիսկ վերացնենք նյութական բարիքների նկատմամբ անձնական իրավունքը, դեռևս առկա կլինի սեռական հարաբերությունների կողմից մարդուն տրված այն բացառիկ իրավունքը, որն անհրաժեշտաբար դառնում է ամենահուժկու չարության և ամենաբռնի թշնամանքի աղբյուր այդ նույն՝ հավասարության մեջ դրված մարդկանց միջև: Եթե նաև դա վերացնենք՝ սեռական կյանքի ամբողջական ազատության շնորհիվ, այսինքն, եթե հեռացնենք ընտանիքը` քաղաքակրթության բեղմնաբջիջը, մենք չենք կարող ճշգրտորեն կանխատեսել՝ ինչ նոր ուղիներով կկարողանա ընթանալ քաղաքակրթության էվոլյուցիան, բայց կարող ենք մի բան սպասել. մարդկային բնույթի այս հավերժական գիծը մեզ այստեղ էլ է ուղեկցելու:
Ինչպես երևում է, մարդու համար հեշտ չէ հրաժարվել իր իսկ ագրեսիվությունից. վերջինս նրան մեծ անհարմարություն է պատճառում: Սահմանափակող քաղաքակրթության առավելությունն անվիճելի կլիներ, եթե այն չուղղեր մարդու ագրեսիվության բնազդը արտաքին աշխարհի մարդկանց դեմ: Միշտ հնարավոր է բազմաթիվ մարդկանց միավորել սիրո շուրջ՝ նախապես իմանալով, որ կան նաև այդ խմբից դուրս այլ մարդիկ, որոնց դեմ կարելի է ուղղել կուտակված ագրեսիվությունը: Ես մի առիթով զբաղվել եմ հարակից համայնքների ֆենոմենով, որոնք նման են և համեմատելի, բայց մշտապես միմյանց հետ վեճի ու ծաղրանքի փոխանակման մեջ են, ինչպես իսպանացիներն ու պորտուգալացիները, հարավի և հյուսիսի գերմանացիները, անգլիացիները և շոտլանդացիները և այլն: Ես դա անվանել եմ «փոքրիկ տարբերությունների նարցիսականություն», ինչն այնքան էլ չի նպաստում ֆենոմենի բացատրությանը: Բայց, ի վերջո, տեսնում ենք, որ ագրեսիվությունն այստեղ գտնում է հարմար և անվնաս բավարարում, որի շնորհիվ համայնքի անդամները հեշտորեն սահմաններ են գծում: Ցրված լինելով տարբեր կողմեր՝ հրեա ժողովորդը նշանակալի ծառայություն մատուցեց այն ժողովուրդներին, որոնք իրեն կացարան էին տվել. դժբախտաբար Միջնադարում հրեաների բոլոր կոտորածները բավական չեղան՝ այդ դարաշրջանը քրիստոնյաների համար ավելի խաղաղ և ավելի ապահով դարձնելու համար: Երբ Պողոս առաքյալը մարդկանց միջև ունիվերսալ սիրո հիման վրա ստեղծեց իր քրիստոնեական համայնքը, քրիստոնեության՝ իրենից դուրս մնացածների հանդեպ ծայրահեղ անհանդուրժողականությունը անխուսափելի հետևանք դարձավ. հռոմեացիները, ովքեր իրենց պետական համայնքը չէին հիմնել սիրո վրա, չգիտեին, թե ինչ է կրոնական անհանդուրժողականությունը` չնայած, որ կրոնը նրանց մոտ պետական գործ էր, և պետության գործունեությունը շատ հագեցած էր դրանով: Եվ բոլորովին անհասկանալի պատահականություն չէ, որ գերմանական համաշխարհային հեգեմոնիայի երազանքը դիմում է հակասեմականությանը (արդեն 1929 թվականին Ֆրոյդը նկատում էր պանգերմանական ամբիցիաները և հակասեմականության վերելքը), և հասկանալի է, որ Ռուսաստանում նոր կոմունիստական քաղաքակրթություն հաստատելու մտադրությունը հոգեբանորեն հիմնվում է բուրժուաների հալածանքի վրա: Ընդամենը պետք է անհանգստությամբ ինքներս մեզ հարց տանք՝ ի՞նչ կարող է նախաձեռնել սովետը՝ սեփական բուրժուաներին ոչնչացնելուց հետո» [1, pp. 121-125]:
1. Freud, S, (1930), Le malaise dans la civilisation, Editions Points, Paris, 2010
No comments:
Post a Comment