Monday, May 30, 2016

ՀՈԳԵԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօրվա գրառումը փորձելու է ուշադրություն գրավել հոգեբանական հիմնարար հասկացություններից մեկի՝ հոգեկան իրականություն երևույթի վրա: 
Հուսով եմ, որ բոլորս համաձայն ենք այն մտքին, որ մարդու հոգեկան գործունեությունը մեծամասամբ իռացիոնալ է: Ընդ որում՝ այդ իռացիոնալությունն իր սահմաններում (եթե սահմաններ ունի) շատ բազմաբնույթ և փոփոխական է: Դրանով է թերևս պայմանավորված այն, որ մեզանից յուրաքանչյուրը նույն առարկաները, երևույթները ընկալում և մեկնաբանում է բոլորովին տարբեր կերպ: Առօրյայում այս հարցը հազվադեպ է օրակարգային դառնում, մինչդեռ հոգեթերապևտիկ աշխատանքում այն մշտապես առաջնային է: 

Օրինակ՝ մարդն իրեն ճնշված է զգում, տառապում է իր «անհաջողակ» լինելուց, ունակ չէ գոհանալու սեփական կյանքից, հիասթափված է, մինչդեռ շրջապատում բոլորը նրան կշտամբում են՝ հիշեցնելով, որ ինքը, օրինակ, երջանիկ ընտանիք ունի, նյութապես ապահով է, սոցիալապես բարձր դիրք ունի, և իրավունք չունի իրեն դժբախտ զգալու: Ինչպես տեսնում ենք, տվյալ մարդը (բոլորի պես) ունի իր սուբյեկտիվ իրականությունը, որտեղ կան իր հոգեկան ապրումները պայմանավորող պատճառներ՝ չնայած, որ դրանք գիտակցված չեն, և այդ պատճառները, իր համար, ուղղակի կապ չունեն արտաքին աշխարհում իր ունեցած «ձեռքբերումների» հետ: Կամ օրինակ՝ փսիխոզով տառապող անձը, որպես կանոն, ապրում է իր իսկ հոգեկանի կողմից ստեղծված և օբյեկտիվ իրականությունից տարբերվող մի իրականության մեջ, որտեղ գուցե իրեն ավելի հարմարավետ ու պաշտպանված է զգում:
Ինչպես տեսնում ենք, մարդու հոգեկան գործունեությունը ընթանում է իր անգիտակցական գործոններով պայմանավորված, ներքին սուբյեկտիվ իրականության պայմաններում: Այդ սուբյեկտիվ իրականությունը հոգեվերլուծության մեջ անվանում են հոգեկան իրականություն: Հոգեկան իրականությունը լավ հասկանալու համար Զ. Ֆրոյդը դրան հակադրում է նյութական իրականություն հասկացությունը, որը մարդուց և նրա ընկալումներից անկախ գոյություն ունեցող ֆիզիկական իրականությունն է: 

Ըստ հոգեվերլուծական բառարանի՝ «հոգեկան իրականությունը եզր է, որ հաճախ կիրառվել է Զ. Ֆրոյդի կողմից՝ սահմանելու համար այն, ինչը սուբյեկտի հոգեկանում ներկայացված է որպես նյութական իրականության տարրերի հետ համեմատելի համապատասխանություն կամ անհամապատասխանություն. դա իրենից ներկայացնում է հիմնականում անգիտակցական ցանկություններ և դրանց հետ կապված ցանկատեսիլներ» [1]:

Հոգեկան իրականությունը, ինչպես արդեն տեսանք սահմանման մեջ, որպես կանոն առաջնորդվում է անգիտակցական ցանկություններով, պահանջմունքներով: Հոգեկան իրականությունը նյութական իրականությանը կապվում է հոգեկանի կենսաբանական տարրերի՝ մղումների միջոցով: Ֆրոյդը հոգեկան իրականություն էր համարում նաև երազների, անգիտակցականի և ցանկատեսիլների հարուցած իրականությունը: Եվ որքան էլ այդ իրականությունը հիմնված լինի երևակայական, ցանկատեսլային, երազային կամ այլ անգիտակցական երևույթների վրա, միևնույնն է այստեղ իրականություն բառը չեմ առնում չակերտների մեջ, քանի որ մարդու համար ամենաիրական իրականությունը հենց իր սեփական հոգեկան իրականությունն է: Եվ քանի որ սուբյեկտի համար սեփական հոգեկան իրականությունը նյութական իրականության արժեքն ունի, ուրեմն հոգեթերապիան հիմնվում է նախևառաջ անձի հենց հոգեկան իրականության վրա, ոչ թե նրան շրջապատող նյութական իրականության: 
Օրինակ՝ միևնույն տրավմատիկ իրավիճակը մի սուբյեկտի կողմից վերապրվում է որպես ծանր տրավմա, իսկ մեկ այլ անձի մոտ տրավմայի հիմնական նշանները չեն դրսևորվում: Այսինքն հոգեկան տրավմայի դրսևորումը կարող ենք բացատրել տվյալ իրավիճակի վերաբերյալ հոգեկան իրականության տված գնահատականի բնույթով: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ տրավմատիկ իրավիճակի՝ որպես տրավմա վերապրումը, տվյալ իրավիճակի բացառապես սուբյեկտիվ գնահատականի արդյունքն է: Իսկ այդ սուբյեկտիվ գնահատականն իր հերթին պայմանավորված է անգիտակցական գործոններով (տրավմայի դեպքում՝ հիմնական նախնական ցանկատեսիլներ): 
Մեծ հաշվով՝ կարող ենք ասել, որ հոգեկան իրականությունը սուբյեկտիվություն է, և այդ սուբյեկտիվությունը հենց հոգեկան օբյեկտիվություն է: Այդ սուբյեկտիվությունը ՝ իր օբյեկտիվությամբ, դառնում է հոգեթերապիայի, հոգեթերապևտի և պացիենտի հարաբերությունների կարևորագույն կետը: Հոգեթերապիան դառնում է պացիենտի սուբյեկտիվությունը հոգեթերապևտի սուբյեկտիվության օժանդակությամբ օբյեկտիվացնելու գործընթաց: Հոգեկան իրականության, սուբյեկտիվության արժևորումը, կարծում եմ, հոգեվերլուծության  հիմնական առավելությունն է այլ մեթոդների նկատմամբ:











No comments:

Post a Comment