«Քաղակակրթության անհարմարությունը» (գերմ.՝ Das Unbehagen in der Kultur) աշխատությունը Զ. Ֆրոյդը գրել է 1929-1930թթ.: Այս գիրքը կարելի է համարել նրա՝ «Մի պատրանքի ապագան» (1927թ.) գրքի շարունակությունը, որտեղ Ֆրոյդը կազմակերպված կրոնը համարում է զանգվածային նևրոզ:
«Քաղակակրթության անհարմարությունը» գրքում առաջին անգամ արծարծվում է օվկիանյան զգացման մասին գաղափարը (ի դեպ «օվկիանյան զգացում» արտահայտությունը Ֆրոյդին հուշում է Ռոմեն Ռոլանը իր նամակներից մեկում), որը ամբողջականության, անսահմանության և ընդհանրականության զգացումն է: Ըստ Ֆրոյդի՝ դա մինչև Եսի ձևավորումն ապրված զգացողությունն է, երբ Եսն ու արտաքին աշխարհը միաձուլված են և չկա օբյեկտ-սուբյեկտ տարանջատումը: Օվկիանյան զգացումը ի հայտ է գալիս նաև որոշ պաթոլոգիական և նորմալ (օր.՝ սերը) հոգեկան վիճակներում, որը նաև կրոնական զգացման հիմքն է:
Այս աշխատության մեջ Ֆրոյդը նաև նշում է, որ անցյալը միշտ մնում է հոգեկանում, այն չի վերանում: «Ի սկզբանե Եսը պարունակում է ամեն ինչ: Հետագայում նա իրենից առանձնացնում է արտաքին աշխարհը. ուրեմն մեր Եսի զգացումը Եսի՝ շատ ավելի գլոբալ զգացման միայն տկար մնացորդն է : Եսի այդ նախնական, գլոբալ զգացումը ամբողջականացնում է այն ամենը, ինչ համապատասխանում է Եսի՝ շրջապատող աշխարհի հետ ավելի ինտիմ կապվածությանը» [p. 49]: Սա կրոնական պահանջմունքի հիմքն է:
Այստեղ հարկ է անդրադառնալ երջանկության հարցին, ի՞նչ անել, որ երջանիկ լինել:
«Մարդու երջանիկ լինելը չի մտել «Արարչագործության» պլանի մեջ: Այն, ինչ համարվում է երջանկություն՝ բառի բուն իմաստով, կուտակված բոլոր պահանջմունքների հանպատրաստից բավարարման արդյունք է, և դա ի բնե հնարավոր է միայն որպես դրվագային երևույթ: Երջանկության մեր հնարավորությունները սահմանափակ են՝ արդեն սկսած մեր կոնստիտուցիայից» [p. 64]: Իսկ դժբախտությունը գալիս է երեք հիմնական աղբյուրներից՝ մարմին, արտաքին միջավայր, մարդկային հարաբերություններ: «Երբեք մենք ավելի անպաշտպան չենք տառապանքի առաջ, քան երբ սիրում ենք, երբեք ավելի դժբախտ չենք, քան երբ կորցնում ենք սիրված օբյեկտը կամ սերը» [p.73]:
«Նևրոզի մեխանիզմը քայքայում է քաղաքակրթված մարդու երջանկությունը : Մարդը նևրոտիկ է դառնում այն բանից, որ այլևս չի կարողանում տանել այն արգելքների քանակությունը, որ հասարակությունը նրա առաջ դնում է՝ մշակութային գաղափարներին ծառայելու համար» [p. 81]:
Քաղաքակրթություն բառն, ըստ Ֆրոյդի, նշանակում է գործողությունների և գործիքների այն ամողջությունը, որում մեր կյանքը հեռվանում է մեր կենդանական նախնիների կյանքից և որոնք ծառայում են երկու նպատակի՝ պաշտպանել մարդուն բնությունից և կարգավորել մարդկանց հարաբերությունները [p.85]:
«Աստվածները քաղաքակրթության իդեալներն էին, և մարդը ինքը դարձավ ինչ-որ աստված-պրոթեզ, ինչից և իրեն երջանիկ չի զգում» [p. 88]:
«Մենք քաղաքակրթությունից սպասում ենք գեղեցկության գնահատում, մաքրության և կարգուկանոնի նշաններ, բայց կարգուկանոնը, հակառակը, նախևառաջ բնության մեջ է մարդը հանդիպել. աստղագիտական մեծ օրինաչափությունների ուսումնասիրություներն են մարդուն տվել սեփական կյանք կարգուկանոն ներմուծելու ոչ միայն մոդել, այլ նաև հիմունքներ» [p. 90]: Ֆրոյդը նկատում է, որ կարգուկանոնը, որ պահանջում է քաղաքակրթությունը, մարդու համար ոչ թե կենսական նշանակություն ունի, այլ ուղղակի հաճույքի աղբյուր է: Քաղաքակրթության գործընթացը համանման է անհատական լիբիդոյի զարգացման անալ փուլին: Այն համընկնում է մղումների սուբլիմացիայի հետ, որ հնարավոր է դարձնում գիտական, արվեստի, գաղափարական գործունեությունները, որն ուղեկցվում է մղումների անտեսմամբ, դրանց չբավարարվածությամբ (ռեպրեսիա, արտամղում) :
Ֆրոյդը քաղաքակրթության ծագումը հանգեցնում է անալ էրոտիզմի ճնշմանը, արտամղմանը.
«Անալ էրոտիզմը նախևառաջ ենթարկվում է այսպես ասած՝ «օրգանական արտամղման», որը հենց ուղի է բացում դեպի քաղաքակրթություն: Սոցիալական գործոնը խանգարում է անալ էրոտիզմի ձևափոխումները, իսկ սոցիալական գործոնը միշտ առկա է : Դա ապացուցվում է այն փաստով, որ չնայած իր էվոլյուցիայի մեծագույն առաջընթացին, մարդը չի զզվում սեփական կենսագործունեության արգասիքներից (էքսկրեմենտներից), այլ զզվում է ուրիշի արգասիքներից, հատկապես դաշտանային արտազատուկներից» [101]:
Սերը տղամարդու և կնոջ միջև հարաբերություն է՝ նրանց գենիտալ պահանջմունքների հիման վրա, որի շնորհիվ ընտանիք է ստեղծվում : Բայց սեր ենք անվանում նաև ծնողի և երեխայի միջև դրական զգացմունքները, որը «արգելակված սեր» է : «Արգելակված սեր»-ը հետագայում մղում է դեպի «ընկերություն», ինչը դառնում է մշակութային առումով կարևոր: Մի կողմից սերը քաղաքակրթության շահերին հակառակ է գնում, մյուս կողմից քաղաքակրթությունը սպառնում է սերը իր ծանր արգելքներով» [p. 105]:
Քաղաքակրթությունը փորձում է մարդկանց միավորել, բայց ընտանիքը հակված չէ բաց թողնելու իր մեջ կայացող անհատին. ընտանիքի անդամների միջև կապերը շատ ամուր են, և մարդիկ իրենք հակված չեն ավելի մեծ շրջապատի մեջ մտնել: Այստեղ հոգևոր և օրգանական էվոլյուցիայի առումով մեծագույն խնդիր կա:
Ֆրոյդն ընդգծում է տոտեմիզմի փուլի կարևորությունը՝ ինցեստի արգելքը քաղաքակրթության ձևավորման մեջ, երբ սեռական օբյեկտի ընտրությունը սահմանափակվում է այլ սոցիալական խմբի անդամներով, որոնք սեռապես հասուն են և հակառակ սեռի են, և բացի բավարարման գենիտալ ձևից մնացած բոլոր ձևերը համարվում են պերվերզիաներ, քանի որ քաղաքակրթությունը սեռականությունը չի ընդունում որպես հաճույքի աղբյուր, այլ միայն որպես մարդու բազմացման միջոց: «Քաղաքակիրթ մարդու սեռական կյանքը վնասված է, և տպավորություն է, որ այն ատրոֆիայի է ենթարկվում, ինչպես մեր ատամնաշարը կամ մազածածկույթը» [p.109]: Բայց գուցե միայն մշակույթը չէ, այլ մեկ այլ՝ բնության մեջ առկա ֆունկցիաներից մեկն է մեզ արգելում ամբողջական բավարարում ունենալ և մեզ հրել սխալ ճանապարհի վրա:
Մարդն այնքան էլ մեղմ էակ չէ, որ միայն սիրո կարիք ունենա. նա իր մեջ կրում է հսկայական ագրեսիվություն, ուրեմն նա մերձավորի մեջ միայն սիրո օբյեկտ չի տեսնում, այլև սեփական ագրեսիվությունը բավարարելու միջոց՝ նրա ունեցվածքին տիրանալ, նրան ստորացնել, տառապանք պատճառել, սպանել: «Այդ ագրեսիվության գոյությունն է մեզ և մեր մերձավորի մոտ, որ խաթարում է մեր կապը մերձավորի հետ» [p. 120]: Այս նախնական թշնամանքի փաստից, որ առկա է մեկը մյուսի նկատմամբ, քաղաքակիրթ հասարակությունը մշտապես քայքայման վտանգի տակ է:
Քաղաքակրթությունն ամեն ինչ անում է, որպեսզի խոչընդոտներ դնի մարդու ագրեսիվ բնազդի առաջ, որ դրա դրսևորումները նվազեցնի հոգեկան մեթոդներով, որոնք հակառակ ազդեցությունն են ունենում: Մերձավորին սիրելու պարտադրանքը չի հասել հաջողության: Քաղաքակրթությունը նույնիսկ հանցագործության դեմ պայքարելիս մարդու հանդեպ ինքն է բռնություն կատարում, բայց դա էլ չի զսպում մարդու ագրեսիվությունը: Քաղաքրթությունը ոչ միայն երջանկությունն է զոհ տալիս, այլև արգրեսիվությունը:
Մարդն իր երջանկությունը զոհել է ապահովություն ձեռք բերելու համար:
***
Այս աշխատության մեջ Ֆրոյդը նորից անդրադառնում է մղումների տեսությանը: Նա մեջբերում է Շիլլերի միտքը, որ «քաղցն ու սերը» ապահովում են աշխարհի շարժումը: Քաղցը սեփական կյանքի պահպանումն է, իսկ սերը՝ տեսակի պահպանումը: Երբ կոնֆլիկտ է առաջանում ինքնապահպանման շահի և լիբիդոյի պահանջների միջև, առաջ է գալիս նևրոզը: Այստեղ նարցիսիզմի դերը շատ վճռորոշ է, քանի որ Եսը ինքը լիբիդոյի կողմից է ներմուծվում, և նարցիսական լիբիդոն շրջվում է դեպի օբյեկտները՝ դառնալով օբյեկտային լիբիդո և ունակ է դառնում նորից վերափոխվելու նարցիսական լիբիդոյի:
Մղումները սերտ կապված են իրար. սադիզմը սեռական կյանքի մի մասն է կազմում: Կյանքի և մահվան բնազդները միշտ միասին են: Սադիզմը և մազոխիզմը ագրեսիվությունն են դրսի և ներսի նկատմամբ, որոնք ունեն էրոտիկ բնույթ: Եթե սադիզմը էրոտիկ բնույթ չի ունենում, ապա անձի մոտ զարգանում է նարցիսական ամենակարողության զգացումը:
Ագրեսիվությունը նախնական, ինքնավար, բնազդային տրամադրվածություն է մարդու մոտ, և քաղաքակրթությունը դրա մեջ իր հիմնական խոչընդոտն է տեսնում: Էվոլյուցիայի իմաստը հենց էրոսի և մահվան միջև պայքարն է:
Քաղաքակրթության ծագման մեջ Ֆրոյդը մեծ կարևրություն է տալիս պատժվելու պահանջմունքին: «Ագրեսիվությունը ինտրոյեկցված և ներքնայնացված է, բայց, փաստորեն, այն ուղարկվում է այնտեղ, որտեղից, որ եկել է՝ ուղղվում է սեփական Եսի վրա, որը հակադրվում է մնացածին Գերեսի ձևի տակ և դրանից սկսած՝ արդեն որպես «բարոյական գիտակցություն»՝ գործում է Եսի դեմ՝ ագրեսիվության հանդեպ նույն խիստ դիրքորոշմամբ, որով Եսը կամովին բավարարում է մյուս անհատների սպասումները: Խիստ Գերեսի և նրան ենթարկված Եսի միջև լարվածությունը մեղքի գիտակցումն է, որը դրսևորվում է պատժի պահանջմունքով: Քաղաքակրթությունն այդպիսով կառավարում է անհատի վտանգավոր ագրեսիվությունը՝ նրան թուլացնելով, զինաթափելով, վերահսկելով մի ներքին կայուն ինստանցիայով, ինչպես գրավված քաղաքի ներսում հաստատված օկուպացիոն ուժերն են» [p.138]:
Քաղաքակրթության հիմնական պատիժը անհատի հանդեպ սիրո օբյեկտի կորուստն է: Քաղաքակրթությունը անհատին կարող է զրկել սիրուց. եթե դու մեղավոր ես, ուրեմն քո սիրո օբյեկտը էլ չի սիրի քեզ, և դու կհայտվես վտանգի մեջ, քանի որ քո սիրո օբյեկտը քո նկատմամբ առավելություն ունի և կարող է քեզ պատժել: Այստեղ առաջանում է չարի գաղափարը՝ այն, ինչը մեզ սպառնում է զրկել սիրո օբյեկտի սիրուց:
Փաստորեն, մեղքի զգացման երկու երանգավորում կա. առաջինը՝ կապված հեղինակության նկատմամբ վախի հետ, իսկ երկրորդը՝ Գերեսի ներշնչած վախի: Առաջին դեպքում ստիպված ենք հրաժարվել մղումների բավարարումից, իսկ երկրորդի դեպքում, չկարողանալով Գերեսից թաքցնել արգելված, բայց համառ ցանկությունները, մեզ մղում ենք դեպի պատիժը: Բարոյական գիտակցությունը մղումներից հրաժարվելու արդյունքն է, որ պահանջում է գնալով ավելի խորը և վերջնական հրաժարում մղումներից:
***
Մեղքի զգացման հիմքը էդիպյան բարդույթն է: Այն ի հայտ է գալիս, երբ եղբայրները միավորվում են և սպանում հորը, որից հետո մեղքի զգացումը վերածվում է խղճի (սա այն հիմնադրույթն է, որ Ֆրոյդը զարգացնում է իր «Տոտեմ և տաբու» աշխատության մեջ (տե՛ս բլոգի «Տոտեմ և տաբու» գրառումը)): Խիղճն արդեն հուզական երկարժեքության (աֆեկտիվ ամբիվալենտության) արդյունք է. որդիները ատում են հորը, բայց նաև սիրում են նրան: Նրանց ատելությունը բավարարում է ագրեսիվությունը, իսկ սերը դրսևորվում է խղճի խայթի մեջ, ինչն էլ ստիպում է նրանց նույնականանալ հոր հետ: Այդպիսով Գերեսը որդուն տալիս է հոր հզորությունը, որպեսզի նա պատժի ինքն իրեն սեփական ագրեսիայի համար և ապա սահմանափակումներ ստեղծի, որպեսզի այդ սպանության ակտն այլևս չկրկնվի : Բայց քանի որ այն կրկնվեց սերդեսերունդ, հետևաբար մեղքի զգացումը ներկա է միշտ և ուժեղանում է ամեն ագրեսիվ քայլի հետ, որը կանխվում և տրանսֆեր է լինում Գերեսի վրա:
Մեղքի զգացումը ամենակարևոր խնդիրն է քաղաքակրթության էվոլյուցիայում: Վերջինիս զարգացման համար վճարում ենք երջանկության կորստով՝ մեղքի զգացման (սխալի գիտակցման) ուժեղացման փաստով: Կպչուն նևրոզների դեպքում մեղքի զգացումը միանգամայն գիտակցված է, իսկ մնացած նևրոզների դեպքում մնում է չգիտակցված: Որոշ պացիենտներ կպչուն նևրոզի դեպքում էլ չեն գիտակցում սեփական մեղքի զգացումը և ունենում են ուժեղ տագնապներ, հատկապես երբ չեն կարող ավարտել որոշ գործողություններ: Հետևաբար, մեղքի զգացումը տագնապի տոպիկ (տեղային) ձև է՝ վախն է Գերեսից: Այն Եսի մազոխիստական դրսևորումն է՝ սադիստական Գերեսի ճնշման տակ: Ուրեմն՝ «Ագրեսիվությունը փոխակերպվում է մեղքի զգացման և կանխվելով տրանսֆեր է լինում Գերեսի վրա» [p. 162]:
Նևրոզի ախտանիշները չբավարարված սեռական ցանկություններն են: «Երբ մղումնային միտումները ենթարկվում են արտամղման, դրանց լիբիդոզ բաղադրիչները թարգմանվում են սիմպտոմների (ախտանիշների), իսկ ագրեսիվ բաղադրիչները՝ մեղքի զգացման» [p.163]:
«Մարդ տեսակի քաղաքակրթության գործընթացը մեկ անհատի էվոլյուցիայի բարձրագույն մակարդակի վերացարկումն է» [p.164]: Էվոլյուցիան երկու հիմնական միտումների փոխհարաբերությունների արդյունքն է. առաջինը երջանկության ձգտող միտումն է, որ մենք որակում ենք «էգոիստական» ձգտում, իսկ մյուսը՝ համայնքի ներքո ուրիշ մեկի հետ միավորվելու ձգտող միտումն է, որը որակում ենք «ալտրուիստական»: Ինչպես մոլորակները պտտվում են իրենց առանցքի և արեգակի շուրջ, այնպես էլ մարդը տեսակը ենթարկվում է մարդ տեսակի էվոլյուցիային՝ սեփական անհատական զարգացմանը զուգընթաց: Դա տեղի է ունենում մի մեծ ներքին կոնֆլիկտի պայմաններում՝ երջանի՞կ լինել, թե՞ միանալ մարդկային համայնքին: Համայնքը ծնում է Գերես, որը իր հերթին ծնում է քաղաքակրթության էվոլյուցիան: ««Սիրի՛ր մերձավորիդ, ինչպես քո անձը» պատվիրանը ամենաուժեղ պաշտպանությունն է ագրեսիվությունից: Այս պատվիրանը անհնար է իրագործել. սիրո այդ աստիճան սղաճը կարող է միայն նրան արժեզրկել՝ նույնիսկ նրա անհրաժեշտ քանակը փոքրացնելով» [ p. 169]: Քաղաքակրթությունն այսպիսով, ըստ Ֆրոյդի, նևրոտիկ է, ինչը մեծ գործնական հետաքրքրություն ունի:
Այս աշխատությունը հարկ է դիտարկել ժամանակի պատմական համատեքստում: Առաջին համաշխարհային պատերազմից ավարտից հետո մինչև 1920-ական թվականների վերջ Ֆրոյդը հասունացնում էր գաղափարն այն մասին, որ քաղաքակրթությունը անհատի կյանքի մեծագույն անհարմարությունն է: Կարծում եմ՝ այս գիրքը լավագույնս ներկայացնում է նրա այդ գաղափարը:
1. Freud S.(1930), Malaise dans la civilisation, Ed. Points, 2010
*հաՆպատրաստից
ReplyDeleteմերսի շատ, ուղղեցի ;)
ReplyDelete