Բազմաթիվ
հոգեվերլուծողներ մշտապես փորձել են համեմատել, հաճախ նաև հակադրել անձի էդիպյան և նարցիսական դրսևորումները: Բայց, ինչպես նշում է Անդրե Գրինը, էդիպյանը միշտ իր մեջ կրում է նարցիսական, և նարցիսականը սնում է էդիպյանը՝ չնայած, որ ըստ նրա՝ նարցիսական կոնֆլիկտը կարող է թաքցնել էդիպյան կոնֆլիկտը (անտիէդիպ) [1]: Ուստի նարցիսական խնդրի հետ աշխատանքը պետք է պարունակի
որոշակի կենտրոնացում էդիպյան հարցի շուրջ և հակառակը:
Ուրեմն, մտքում ունենալով վերը նշված գաղափարը՝
այնուամենայնիվ փորձենք որոշ տարբերություններ նշել այս երկու խնդիրների
միջև:
Էդիպյան մեղքի զգացում – նարցիսական ամոթ
Էդիպյան կոնֆլիկտայնությունը նախևառաջ բնութագրվում է մեղքի զգացմամբ, որը հիմնականում հենց Գեր-եսի նկատմամբ մեղքի զգացում է, մինչդեռ նարցիսական կոնֆլիկտայնությունն աչքի է ընկնում հիմնականում ամոթի զգացմամբ՝ ամոթ Ես-ի իդեալի նկատմամբ:
Էդիպյան մերժվածության զգացում –
նարցիսական` գոյություն չունենալու զգացում
Էդիպը, լինելով օտարված դեռևս մանկուց, արտաքսված իր ընտանիքից, երկրից, իր
մեջ ընդմիշտ կրում է նախևառաջ մերժվածության բեռը, իսկ նարցիսական խնդրի միջուկը
համարվում է կոնֆլիկտը գոյություն ունենալու և գոյություն չունենալու
զգացման միջև:
Էդիպյան՝ կաստրացիայի
տագնապ – նարցիսական՝ մահվան, գոյություն չունենալու տագնապ
Տագնապի բնույթի առումով, էդիպյան կոնֆլիկտայնությունը ծագում է կաստրացիայի
տագնապի ֆոնի վրա, իսկ նարցիսական խնդրի դեպքում առկա է մահվան՝ այլևս չլինելու տագնապը:
Էդիպյան՝ նախնական փորձի կառուցողական ազդեցությունը - նարցիսական՝ նախնական փորձի ավերիչ ազդեցությունը
Նախնական (պրիմիտիվ) փորձ ասելով՝ պետք է նկատի ունենալ ծննդից մինչև խոսքային հմտությունների առաջ գալու ընթացքը, որը էդիպյան խնդրայնության դեպքում որպես կանոն դրական, կառուցողական, մոտիվացնող ազդեցություն է ունենում, իսկ նարցիսական խնդրայնության դեպքում՝ կործանիչ, քանդող ազդեցություն:
Էդիպյան եռակողմ կոնֆլիկտ - նարցիսական երկկողմ կոնֆլիկտ
Էդիպյան կոնֆլիկտը երեք կողմ ունի՝ ես, օբյեկտ և օբյեկտից տարբեր օբյեկտ, որոնք հաճախ համապատասխանում են ես, հայր, մայր եռանկյանը, մինչդեռ նարցիսական կոնֆլիկտը երկկողմ է՝ ես և օբյեկտ:
Էդիպյան՝ տարբերության բազմակողմանի ընկալում - նարցիսական՝ տարբերության երկկողմ ընկալում
Էդիպյան խնդրայնության դեպքում սեփական ես-ի հետ համեմատության մեջ օբյեկտների տարբերություններն ընկալվում է տարբեր չափումների վրա՝ սեռ, տարիք, արտաքին տեսք, իսկ նարցիսական խնդրայնության համար կա երկու կողմանի՝ ես և ոչ ես, ես և աշխարհ տարբերությունը:
Էդիպյան ընտրության սկզբունք - նարցիսական կրկնության սկզբունք
Էդիպյան և նարցիսական խնդիրների դեպքում հաճույքի սկզբունքը տարբեր կերպ է դրսևորվում. էդիպյան կոնֆլիկտը ներառում է ընտրություն կատարելու մշտական սկզբունք, որը հենց հաճույքի սկզբունքի էդիպյան դրսևորումն է, մինչդեռ նարցիսական կոնֆլիկտը հանգեցնում է կրկնության սկզբունքին. այստեղ ընտրության հարցը փակված է, առկա է տրավմայի, տագնապային զգացումների կրկնության փնտրտուք:
Էդիպյան կոմպրոմիսի սկզբունք - նարցիսական պարադոքսի սկզբունք
Էդիպյան և նարցիսական խնդիրների դեպքում կոնֆլիկտի սկզբունքը ևս տարբեր կերպ է դրսևորվում. էդիպյան խնդիրը ներառում է կոմպրոմիս գտնելու, կոնֆլիկտը կառուցողական կերպով լուծելու սկզբունք, մինչդեռ նարցիսական խնդիրը հանգեցնում է մշտական պարադոքսի սկզբունքին, որը երբեք չի ուղղվում դեպի խնդրի լուծումը:
Էդիպյան արտամղում - նարցիսական երկփեղկում
Էդիպյան կոնֆլիկտայնությունը որպես կանոն ենթադրում է արտամղման մշտական առկայություն, տագնապներն արտամղվում են, ապա նորից վերադառնում այլ դրսևորումներով, իսկ նարցիսական կոնֆլիկտայնությունն ուղեկցվում է երկփեղկմամբ: Երկփեղկումը կարող է կազմալուծել եսը իսկ արտամղումը չունի այդ հատկանիշը: Այստեղ ևս երևում է նարցիսական խնդրի կործանարար ներուժը:
Էդիպյան՝ «կյանքի» տրամաբանությունը - նարցիսական՝ «գոյատևման» տրամաբանությունը
Էդիպյան խնդրին հիմնականում հատուկ է կյանքը շարունակելու տրամաբանությունը. որքան էլ որ տրավմաները ծանր են, անձը կարողանում է սգալ կորսված օբյեկտը և շարունակել ապրել, իսկ նարցիսական տրամաբանությունը գոյատևելու տրամաբանություն է, որ ներառում է հիասթափություն, հուսաաաբություն, դիստրես, քանի որ ամեն ինչից զատ անձն ինքն իրեն է կորսված զգում, իրեն անգիտակցորեն համարում է գոյություն չունեցող, ուրեմն առաջնային է դառնում գոյատևումը:
Էդիպյան «հանդուրժող» հանդիպումը օբյեկտի հետ - նարցիսական «ճնշող» հանդիպումը օբյեկտի հետ
Էդիպյան խնդրի դեպքում օբյեկտի հետ հանդիպումը տեղի է ունենում համեմատաբար հանդուրժողական վերաբերմունքի պայմաններում՝ դիմացինի հետ հուզական և ինտելեկտուալ փոխանակման, բանակցության ոճի մեջ, իսկ նարցիսական խնդրի դեպքում անձը գործող կողմն է, ճնշող և ազդեցիկ դիրքի մեջ՝ փորձելով օտարել դիմացինին իրենից:
Էդիպյան ինտրոյեկտիվ իդենտիֆիկացիա (նույնականացում) - նարցիսական պրոյեկտիվ իդենտիֆիկացիա
Էդիպյան կոնֆլիկտայնության դեպքում, որպես կանոն, ակտիվ է ինտրոյեկտիվ իդենտիֆիկացիան: Անձը առավելապես դեպրեսիվ դիրքի վրա է, և ես-ը սնվում է ինտրոյեկցված փորձով: Մինչդեռ նարցիսական խնդրի դեպքում ակտիվ է պրոյեկտիվ իդենտիֆիկացիան (որի մասին մանրամասն նյութ կտեղադրեմ շուտով), որն ուղեկցվում է կպչունությամբ: Անձը այս դեպքում պարանոյիդ-շիզոյիդ դիրքի վրա է, կպչուն կերպով կապված է օբյեկտին` վերջինի նկատմամբ կախվածություն ձևավորելով:
Ահա այն հիմնական տարբերությունները, որոնք կուզենայի նշել` էդիպյան և նարցիսական խնդիրները համեմատության մեջ դնելու համար, իհարկե, երբեք չմոռանալով, որ այս երկու հոգեկան կազմավորման տեսակները միմյանցից առանձնացված չենք կարող դիտարկել:
1. Green, A., (1983) Narcissisme de vie, narcissisme de mort. Collection « Critique », 288 p.
Նյութը կազմվեց Լիոնի Լյումիեր համալսարանի Հոգեախտաբանության և կլինիկական հոգեբանության հետազոտական կենտրոնի դասախոսներ՝
պրոֆ. Ալբեր Սիկոնի, պրոֆ. Ռենե Ռուսիյոնի և պրոֆ. Պատրիսիա Ատիգիի դասախոսությունների հիման վրա:
No comments:
Post a Comment